Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթություն. համաչափ իրավունքի անհամաչափ իրացումը (Տեսանյութ)

Հունվար 22,2017 16:12

Կրթության համաչափ զարգացման մասին խոսում են ոլորտի բոլոր պատասխանատուները: ՀՀ նոր կառավարության ծրագրում ևս սա ամրագրված էր առանձին կետով, սակայն ինչպե՞ս են  պատասխանատուները  պատկերացնում կրթության համաչափ  զարգացումը և կրթության իրավունքի համահավասար իրացումը, եթե, օրինակ, 2007-2013 թթ. պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող գումարները նվազել են 14,98 տոկոսից  9-ի:

Պետության կողմից կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոսը միայն, չնայած Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսվում էր կրթությանը տրամադրվող գումարը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսը, բայց դա մնաց թղթի վրա, ինչպես համաչափ զարգացումը:

«Եթե փորձենք ավելի մատչելի բացատրել կրթության համաչափ զարգացման սկզբունքը, ապա կարող ենք ասել, որ սա նշանակում է ոչ թե կրթական համակարգի հավասար ֆինանսավորում, այլ այնպիսի ֆինանսավորում, որպեսզի երկրի ողջ տարածքում ստեղծվեն հավասար պայմաններ: Այսինքն՝ եթե որևէ մարզում, կամ որևէ տարածաշրջանում կարիքն առավել մեծ է, դրան ուղղված ֆինանսավորումն էլ համապատասխանաբար պետք է մեծ լինի: Սրա հիմքում, ըստ էության, խոցելի, կարիքավոր խավերի   աջակցության գաղափարն է»,- բացատրում է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նույն գաղափարն էր դրված նաև ավագ դպրոցների ստեղծման  հիմքում. նպատակը մեկն էր՝ փորձել ազատվել կրկնուսույցների ինստիտուտից և բարձրագույն կրթություն ստանալու մեկնարկային պայմանները հավասար դարձնել բոլորի համար:

«Այն, ինչ ունենք այսօր, ավելի շատ սելեկտիվ կրթություն է, ոչ թե հանրակրթություն, որոշակի խավի երեխաներ հավաքվում են հատուկ պայմաններով դպրոցներում, մյուսները՝ սովորական: Հայաստանում երեխաների 30-40 % է լավ կրթություն ստանում, մնացած 60 %-ը միայն դպրոց է հաճախում»:

Այսպիսով ստացվում է, որ պետությունը կրթության միջոցով ինստիտուցիոնալացնում է հասարակության բևեռացումը, մինչդեռ նրա առաքելությունը պետք է այլ լիներ՝ կրթության միջոցով ձևավորել հավասար մեկնարկային պայմաններ ունեցող հասարակություն: Խնդիրը գումարի նպատակային բաշխման մեջ է, ասել է թե՝ տարբերակված, ըստ կարիքի, այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր արվում է ՝ ըստ սովորողների թվի ֆինանսավորման սկզբունքի:

Կրթությունը հանրային կյանքի ամենածախսատար ոլորտներից է,  սակայն, նաև ոլորտ է, որն ունակ է երկարաժամկետ հեռանկարում հետ բերել ներդրված գումարը:

Խնդիրը գումարի նպատակային բաշխման մեջ է, ասել է թե՝ տարբերակված, ըստ կարիքի, այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր արվում է ՝ ըստ սովորողների թվի ֆինանսավորման սկզբունքի:

Պարզ հաշվարկ՝ օրինակներով

Լոռու մարզի Դաշտադեմ համայնքի միջնակարգ դպրոցն այս տարի մեկ առաջին դասարանցի ունի, անցյալ տարի դպրոցն ունեցել է միայն 12 աշակերտ: Վայոց Ձորի Խնձորուտ համայնքի դպրոցն ունի 84 աշակերտ: Տավուշի մարզի Այգեպարի դպրոցի աշակերտների թիվն ընդամենը 48 է: Բարեկամավան գյուղի դպրոցում 21 երեխա է սովորում, իսկ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի դպրոցում՝ 18:

Այսինքն Դաշտադեմում պետությունից ստանում են ընդամենը 12 աշակերտի գումար, մեկ աշակերտի համար նախատեսված գումարը նույնն է ինչ Երևանում,  մինչդեռ եթե Երևանում աղքատության մակարդակն, ըստ պաշտոնական տվյալների, 25 տոկոս է, ապա Լոռու մարզում՝ 38.6- 40 տոկոս։

Դաշտադեմի 12 կամ Շիկահողի 18 աշակերտի գումարով հնարավոր չէ ապահովել նորմալ ուսումնական գործընթաց, բոլոր առարկաների գծով ուսուցչական կազմ, աշակերտները չունեն այլընտրանքային կրթության հնարավորություններ, որպիսիք կան Երևանում կամ մեծ քաղաքային համայնքներում։

«Այսօր պետությունը հարուստ և աղքատ երեխաների կրթության համար ծախսում է նույն գումարը, մինչդեռ ֆինանսապես ապահովված երեխան կարող է և սովորաբար օգտվում է լրացուցիչ կրթական ծառայություններից՝ կրկնուսույցներ և այլն, իսկ երեխան, որը ֆինանսական նման կարողություններ չունի, մնում է բացառապես դպրոցի տրամադրած ծառայությունների հույսին»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:

Աշակերտի թվով կատարվող ֆինանսավորման դեպքում դպրոցը չի կարող ապահովել պատշաճ մանկավարժական և ոչ մանկավարժական աշխատակազմի համալրում: Շատ դպրոցներում ստիպված են լինում միավորել դասարանները: Օրինակ՝ 5 և 6 –րդ դասարանների աշակերտները նույն դասաժամի ընթացքում են անցնում տարբեր ծրագրերով սահմանված կրթական կուրսը: Ըստ էության, եթե անգամ ուսուցիչը չափազանց բարեխիղճ է, ստիպված է լինելու կիսել առարկայի համար հատկացված դասաժամը՝ երկու տարբեր ծրագրեր դասավանդելու համար:

Վարկային միջոցների անհամաչափ բաշխում

Անարդյունավետ է ոչ միայն միասնական բանաձևով իրականացվող ֆինանսավորումը, այլև ֆինանսական հոսքերի ուղղվածությունը. Օրինակ՝ ՀԲ վարկային ծրագրից 27 մլն հատկացված է հանրակրթությանը, որից 22 մլն դոլարը (80 %) ծախսվելու է 17 ավագ դպրոցների վերանորոգման համար:

Գյուղական համայնքների աշակերտները կրկին դուրս են մնում այս հնարավորությունից, քանի որ ավագ դպրոցների 95.5 տոկոսը գործում են քաղաքային համայնքներում (109 դպրոցից՝ 7-ը):

Ըստ ԿԳՆ ներկայացրած տվյալների՝ այս տարի հիմնանորոգման աշխատանքներ են մեկնարկել Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մեկական ավագ դպրոցներում: Մինչդեռ հանրակրթական  դպրոցների  ավելի  քան  50 %-ը  վերանորոգման,  իսկ  ավելի  քան 33 %-ը` կապիտալ վերանորոգման կարիք ունեն, դպրոցների 8%-ն ընդհանրապես ապահովված չէ ջրամատակարարմամբ, իսկ 37%-ը` գազամատակարարմամբ:

Կրթական հնարավորությունների բևեռացման խորացում

2014 թ. մեկնարկեց «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որով նախատեսվում է դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր` «Արարատյան բակալավրիատ», և պատրաստել այդ ծրագրի պահանջներին համապատասխան ուսուցիչներ: Այս ուսուցիչները, ըստ որոշ տվյալների, վարձատրվելու են անհամեմատ ավելի բարձր՝ շուրջ 400 հազար դրամի չափով: Գաղափարը «Այբ» կրթական հիմնադրամինն էր, որն էլ իրականացնում է այն:

Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և համաֆինանսավորվում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: ԿԳՆ հաշվետվությունները փաստում են, որ 2014-ին պետբյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվել է 256.605 մլն դրամ, 2015-ին` 587.777 մլն դրամ՝ պլանավորված 450 մլն-ի փոխարեն, 2016-ին`պետական բյուջեով հաստատվել է կրկին 587.777 մլն դրամ, սակայն թե որքան է ի վերջո հատկացվել պարզ կլինի վերջնական հաշվետվություններից:

Տարօրինակն այն է, որ չնայած ծրագիրը ավելի քան կես մլն. դոլար ֆինանսավորում է ստացել 2014-ին, բայց ԿԳՆ 2015-ի հաշվետվության մեջ ասվում է, որ ծրագիրը սկսվել է 2015-ին, թե 2014-ի կես մլն դոլարն ինչի վրա է ծախսվել պարզ չէ, իրականում այնքան էլ պարզ չէ թե ինչ է արվել նաև 2015-ի 1.2 մլն դոլար հատկացումներով:

Գերազանցության ծրագրին հատկացված շուրջ 2.6 մլն դոլարի ծախսերն ու դրանց արդյունքները պարզելը բարդ է, տեղեկությունները` սահմանափակ: Ըստ «Արարատյան բակալավրիատի» պաշտոնական էջի՝ 2016 թ.-ի դեկտեմբերի 20-ից մեկնարկել է ծրագրին Հայաստանի մարզերի դպրոցների անդամակցության մրցույթը։ Մինչ այդ մարզային 421 դպրոցների 800 ներկայացուցիչների ներկայացվել են ծրագրի սկզբունքներն ու անդամակցության չափանիշները: Ընտրված դպրոցներում դասավանդումը կիրականացվի 2018 թ. սեպտեմբերից:

Ծրագրի իրականացման տասը տարիների ընթացքում նախատեսված է բյուջեից ծախսել մոտ 10 մլն դոլար, մինչդեռ թե ՞ որքանով դա կապահովի համաչափ զարգացում, հասանելի կլինե՞ն գերազանցության կենտրոնները գյուղաբնակ աշակերտներին, ինչպե՞ս ծրագիրը կանդրադառնա հանրակրթության որակի բարելավման վրա՝ դեռևս պարզ չէ:

Անհամաչափ զարգացում կամ համաչափ դեգրադացիա

Դպրոցներում որակյալ կրթության հասանելիության խնդիրները հետագայում դրսևորվում են կրթության հաջորդ փուլում՝ երբ որակյալ կրթության բացակայության հետևանքով տարեցտարի կրճատվում է գյուղական համայնքներից ԲՈՒՀ ընդունվողների թիվը:

Երևանում ավարտական վկայական ստացած երեխաների 74 %-ն ընդունվում է ԲՈՒՀ, մինչդեռ մարզերի կտրվածքով ԲՈՒՀ ընդունվելու միջին ցուցանիշը կազմում է 48 %:

Ավագ և հիմնական դպրոցների աշակերտների արդյունքները համեմատելիս հստակ երևում է, որ առաջիններն ավելի բարձր արդյունքներ են գրանցում ավարտական քննություններում: Օրինակ, 2010թ. ավագ դպրոցներից դիմողների և ընդունվածների թիվը երկու անգամ ավելի է, քան հիմնականներինը՝ համապատասխանաբար 54 % և 28 %:

Ավագ դպրոցների հասանելիության, մարզերում` գյուղական համայնքներից հեռու գտնվելու պատճառով և մարզերում աղքատության բարձր ցուցանիշի հետևանքով, ամեն տարի 9-րդ դասարանն ավարտած ավելի քան 4000 աշակերտ չի շարունակում կրթությունը, որոնց 12 տոկոսը պատճառաբանել է, որ «կրթական ծառայությունները շատ թանկ են» և չեն կարող շարունակել:

Ավագ դպրոցների բարեփոխումների սկզբից ի վեր, պաշտոնական վիճակագրության համաձայն, ավագ դպրոցներում ընդգրկվածությունը նվազել է՝ 2010թ.-ին 83.9%-ի համեմատ՝ 2016թ.-ին կազմելով ընդամենը 57.9%:

Թերևս հենց այս նվազման միտումն էր պատճառը, որ Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ընթացքում որոշում կայացվեց 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր, սակայն չապահովվեցին դրանց որակն ու հասանելիության կարևորագույն խնդիրները:

Կրթության ոլորտի փորձագետ Վիգեն Շիրվանյանը ուսումնասիրել է 12-ամյա պարտադիր կրթության և կրեդիտային համակարգի ներդրման մարտահրավերները: Ըստ նրա` այն, ինչ տեսնում ենք այսօր, ճիշտ կլինի անվանել անհամաչափ զարգացում, իսկ ավելի ճիշտ՝ համաչափ դեգրադացիա.

«Կրթության համաչափ զարգացման մի քանի առանցքային խոչընդոտներ կան: Առաջինը ուսուցիչների պատրաստվածության խնդիրն է: Բանիմաց, վերապատրաստված ուսուցիչներն առանց այդ էլ քիչ են, իսկ նրանց անհամաչափ տեղաբաշխվածությունն ավելի է խորացնում այս դիսոնանսը: Չնայած այս հանգամանքին, մարզերում կարելի է հանդիպել բարձրակարգ մասնագետների, նվիրյալ մանկավարժների, որոնց թիվը, սակայն բավական փոքր է»,- բացատրում է Վ. Շիրվանյանը:

Լուրջ խնդիր են նաև կրթական ծրագրերը․

«Կա կրթական ծրագրերի որակի խնդիր. արդյոք այն գիտելիքներն ու հմտությունները, որ աշակերտը ստանում է այդ ծրագրի արդյունքում, պետք կլինեն միայն ավարտական քննությունը հանձնելի՞ս, թե նաև քննադատական մտածելակերպ կձևավորեն նրա մոտ, կսովորեցնեն հարցեր ձևակերպել, պատասխաններ որոնել, հետազոտող, պրպտողի քիմք զարգացնել, ընդհանրապես՝ սովորել»։

Փորձագետը կրթության զարգացման խոչընդոտ է համարում նաև կրթական գործընթացի հիմնական գործող անձի՝ ուսուցչի աղավաղված կամ ոչ հրապուրիչ կերպարը. մասնագետ, ով չունի պատշաճ վարձատրություն, մասնագիտական առաջընթացի գրավիչ հեռանկար, սոցիալական որևէ արտոնություն կամ կարգավիճակ։

Նոր կառավարության նոր մոտեցումը կամ դադարեցրեք բարեփոխումները

Կառավարության նոր ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսվում են մի շարք փոփոխություններ. օրինակ՝  2017 թվականի ընթացքում գյուղական համայնքներում կրթության որակի և հեղինակության բարձրացմանն ուղղված ծրագրերի, հանրակրթական առարկաների ինքնուրույն սովորելու հնարավորության ընձեռում՝ տեսադասերի հասանելիությունն ապահովելու միջոցով, մեկ տարվա ընթացքում կրթական ծրագրերի վերանայում՝ համապատասխանեցնելով արդի պահանջներին (օրինակ` ներառելով ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր, առավել կմեծացվեն բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և օտար լեզուների դասաժամերը) և այլն:

Թվում է՝ այսպիսով լուծվում են բերված խնդիրներից շատերը, գործին մոտեցել են՝ թևքերը ծալած, սակայն կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, կարծում է՝ դա միայն թվում է.

«Կառավարության ծրագրում մի բան կգրեի կրթության մասով. դադարեցնել կրթական բոլոր բարեփոխումները և հասկանալ, ինչի՞ ենք հասել բարեփոխումների արդյունքում, և դա անել ոչ թե Համաշխարհային բանկին հաշվետու լինելու այդ արտաքին մոտիվացիայով, այլ՝ լավ կրթական համակարգ ստեղծելու ներքին մոտիվացիայով»,- ասում նա։

շարունակելի…

Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ Hetq.am/ Նարեկ Ալեքսանյան

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031